«Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսրայելի ոչնչացումը կես ժամ էլ չի տևի». իրանցի պաշտոնյա

Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսրայելի ոչնչացումը կես ժամ էլ չի տևի: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը, հաղորդում է Reuters-ը:

Իրանցի բարձրաստիճան խորհրդարանականը պաշտոնապես խոստացել է «զբաղվել» Իսրայելով, եթե ամերիկյան կողմը հարձակում գործի Իրանի վրա: 

Հանձնաժողովի ղեկավարը նաև հայտարարել է, որ իրանական կողմը տպավորիչ զինանոց ունի:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: