Օգոստոսին Սոչիում կկայանա Պուտինի, Ռոուհանիի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, գրում է РИА Новости-ն:

«Այս տարվա օգոստոսին Սոչիում ծրագրվում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարևը:

Պուտինն իր ադրբեջանցի և իրանցի պաշտոնակիցների հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին հայտնել էր դեռևս այս տարվա ապրիլին, սակայն չէր նշել դրա անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Ռոուհանին կոչ էր արել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև աճող արտաքին ճնշումների ֆոնին ամրապնդել Իրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը:

tert.am