Զելենսկին ԱՄՆ-ից սպառազինության նոր համակարգեր է խնդրել. ամերիկացի սենատոր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ-ին սպառազինության նոր համակարգեր ներկայացնել։ Ինչպես նշում է capital.ua-ն, այս մասին Սենատում իր ելույթի ժամանակ հայտնել է Օհայո նահանգից հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Փորթմանը, որը մայիսի 30-ին Կիևում հանդիպում է ունեցել նախագահի հետ։

«Զելենսկին բացահայտ կերպով խոսեց ուկրաինական բանակի խիզախության, ինչպես նաև սպառազինության նոր համակարգերի և տարրական պայմանների անհրաժեշտության մասին։ Մենք զրուցեցինք արևելյան սահմանի երկայնքով ռուսական քարոզչության մասին և քննարկեցինք Ուկրաինայի հեռուստատեսության հեռարձակումների ազդանշանները ճնշելուն ուղղված ջանքերը՝ Դոնբասի բնակիչների շրջանում գժտություններ սերմանելու նպատակով»,- ասել է սենատորը։

Փորթմանը դրական է արտահայտվել Զելենսկիի հետ հանդիպման մասին, որը տևել է մեկ ժամից ավելի, և որի ընթացքում լայն շրջանակով թեմաներ են քննարկվել։

Սենատորը նաև հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակի հետ բովանդակալից զրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օժանդակել Ուկրաինայի բանակին։

tert.am