Ալեքսանդր Լապշինի՝ գառնուկին գրկած լուսանկարը իրարանցում է առաջացրել ադրբեջանցի օգտատերերի շրջանում

Ռուս և իսրայելցի լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ներկա պահին գտնվում է Հայաստանում, նախօրեին լուսանկարներ է հրապարակել Եղեգնաձորից, որում պատկերված է ճանապարհին, որով ոչխարի հոտը տանում են արածելու:

Լուսանկարներից մեկում Լապշինը պատկերված է գառնուկին գրկած: Այդ լուսանկարը բլոգերը հրապարակել է կից գրառմամբ. «Նրանք այնքան սիրուն են, իսկ փոքրը բավականին թեթև էր, ինչպես կատու»: Լապշինին զարմացրել է համացանցի օգտատերերի, հատկապես ադրբեջանցիների արձագանքն այդ հրապարակմանը, որի մեկնաբանություններում այն ասոցացրել են հարևան երկրի հետ:

Ավելի ուշ Լապշինն, անդրադառնալով սոցցանցում ստեղծված այդ իրարանցմանը, գրել է. «Ընկերներ ադրբեջանցիներ, մի՞թե ձեզ չի վիրավորում Facebook-ում նման բողոքներ գրելը: Ես իսկապես սիրում եմ կենդանիներին, և հավատացեք՝ գառնուկին ձեռքերիս մեջ պահելով՝ նույնիսկ չեմ էլ մտածել Ադրբեջանի մասին»:

tert.am