Թբիլիսիում «Սարդ-մարդու» հագուստով երեխան ընկել է 8-րդ հարկից և ողջ մնացել

Թբիլիսիում 4-ամյա տղան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, բժիշկները տղայի վիճակը բավարար են գնահատում:

Երեխային հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով և կապտուկներով, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Գլդանի շրջանում:

Լրագրողների հետ զրույցում ականատեսները պատմել են, որ «Սարդ-մարդու» հանդերձանքով երեխան ընկել է բազմահարկ բնակելի շենքից: Նրանք ենթադրել են, որ տղան պատուհանից նետվել է՝ ընդօրինակելով սիրած հերոսին:

Ականատեսների խոսքով՝ տղան տատիկի տանն է եղել, որը վստահ էր, որ երեխան խաղում է իր սենյակում և կատարվածի մասին իմացել է հարևաններից:

Շտապ օգնության բժիշկներին երեխան ասել է, որ ինքն է ցատկել: Նշվում է, որ տղան փրկվել է խաղողի այգու շնորհիվ, որը տան դիմաց աճեցրել է բնակիչներից մեկը:

tert.am