Հռոմի պապը պահանջել է հոգևորականներից հայտնել հոգևոր հայրերի կողմից սեռական բռնությունների մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաման է արձակել, որը պարտավորեցնում է կաթոլիկ հոգևորականներին հայտնել իրենց գործընկերների սեռական բնույթի հանցագործությունների մասին: Այդ մասին տեղեկանում ենք Վատիկանի կայքից:

Պոնտիֆիկոսը նաև կարգադրել է եկեղեցական իշխանություններին հայտնել նման հանցագործություններն ու գործողությունները թաքցնելու դեպքերի մասին, որոնք խոչընդոտում են գործերի հետաքննությանը: Բացի այդ, այսուհետ նման գործողություններից տուժածները կարող են օգնության համար դիմել անմիջապես Վատիկան:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից: Բոլոր թեմերը պետք է ստեղծեն հարմար համակարգ, որը թույլ կտա ժամանակին տեղեկացնել սեռական բնույթի հանցագործությունների մասին:

Վատիկանը մտադիր է ուշադրություն հրավիրել մանկապղծության, մանկական պոռնոգրաֆիայի տարածման, բռնության գործադրմամբ սեռական բնույթի գործողությունների դրդելու դեպքերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատիկանում պատմության մեջ առաջին հանդիպումն էր անցկացվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ, որը նվիրված է եղել հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարին:

tert.am