«Միջուկային ծրագրի վերջը դեռ չի եկել, բայց…». Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին

Պաշտոնական Թեհրանը նամակ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին, հայտնում է ria.ru-ն:

«Այս նամակում մենք հայտարարել ենք, որ սպասել ենք մեկ տարի ու հետևել մեր բոլոր պարտավորություններին: Այսօր մենք չենք ցանկանում դուրս գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, այսօր համաձայնագրի շրջանակում կձեռնարկվեն նոր քայլեր»,- ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:

Reuters գործակալությունը IRIB տեղական գործակալությանը հղումով ավելի վաղ հայտնել էր, որ նամակի հասցեատերերն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:

Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:

Եթե դա տեղի չունենա, հաջորդ քայլը կլինի Արաքում ռեակտորի արդիականացման դադարեցումը, ինչպես նաև ուրանի հարստացման մակարդակի վերաբերյալ սահմանափակումներից հրաժարումը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:

Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար: