Պետդեպն Իրանին «միջուկային վերջնագիր» է ներկայացրել

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն Իրանին ներկայացրել է նոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում Վաշինգտոնը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել:

Ինչպես նշում է ria.ru-ն, Միացյալ Նահանգները, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, եթե Բուշերում գտնվող ատոմային էլեկտրակայանն ընդլայնվի և եթե Իրանից հարստացված ուրան դուրս հանվի ուրանի հանքանյութ ստանալու դիմաց: Բացի այդ, Վաշինգտոնը Թեհրանից պահանջել է հրաժարվել ռադիոակտիվ նյութերի հարստացումից և պլուտոնիումի վերամշակումից:

Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Իրանի կողմից ուրանի հարստացում և ներկայում սահմանված քանակը գերազանցող ծավալով ծանր ջրի պահում:

Դրանից բացի, ամերիկյան իշխանությունները Թեհրանից պահանջել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հաշվետվություն ներկայացնել «նախկին ռազմական ատոմային ծրագրի» վերաբերյալ:

Պետքարտուղարությունից հայտնել են, որ իրենց իրավունք են վերապահում հետագայում խստացնել Իրանի նկատմամբ միակողմանի միջուկային սահմանափակումները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Այժմ Թրամփի վարչակազմը հնարավորինս ջանքեր է գործադրում երկրի միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու համար: