Թուրքիան ԱՄՆ-ից Patriot համակարգերի գնման վերաբերյալ «ավելի դրական» առաջարկ է ստացել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային Patriot զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման վերաբերյալ նախկինի համեմատ «ավելի դրական» առաջարկ է արել, գրում է РИА Новости-ն:

«Մարտին Patriot-ի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից ստացված առաջարկը մեզ համար ավելի դրական է և այն դիրքորոշումն է պարունակում, որի մասին սկզբնապես խոսել էինք: Մենք պատրաստվում ենք ոչ միայն գնել, այլև հակաօդային պաշտպանության սեփական համակարգերը ստեղծել»,- ասել է նախարարը:

Փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող կատարել Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ Անկարայի երկու հիմնական պայմանները՝ վարկի տրամադրումը և համատեղ արտադրությունը:

Ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել էր, որ Անկարան շարունակում է ԱՄՆ-ի հետ զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, որ 2017թ.-ին Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ պայմանագրի կնքումը Անկարայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական լարվածության պատճառ է դարձել:

Ամերիկյան կողմը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան Patriot-ի: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանություններն այդ հարցում կոշտ դիրքորոշում են որդեգրել և չեն պատրաստվում անգամ ամերիկյան համակարգերի ձեռքբերման դեպքում հրաժարվել С-400-ներից՝ պատճառաբանելով, որ դրանք միմյանց հետ կապված չեն: