Ֆրանսիան կաջակցի Իրաքի իշխանություններին երկրի վերականգնման գործում. Մակրոն

Ֆրանսիան լայնածավալ օգնություն կցուցաբերի Իրաքի վերականգնման գործում երկրների կողմից ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Ֆրանսիան նպաստելու է միասնական, դաշնային, ժողովրդավարական պետության զարգացմանը»,-ասել է Մակրոնը: Նա հայտնել է, որ «կողմերն ստորագրել են Ֆրանսիայի եւ Իրաքի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման ճանապարհային քարտեզ»: Ֆրանսիայի ղեկավարը փաստաթուղթը նոր գլուխ է համարել ֆրանս-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ:

«Մեր համագործակցությունը, ամենից առաջ, կզարգանա այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, մշակույթը»,-նշել է Մակրոնը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ «գլխավոր խնդիրներից մեկը մնում է ահաբեկչության դեմ պայքարը»:

Ֆրանսիան, ինչպես հայտնել է Մակրոնը, «կշարունակի Մոսուլի վերածնման, նրա համալսարանի վերականգնման աշխատանքը»:

«Իրաքի կայունությունը որոշիչ է տարածաշրջանի անվտանգության համար: Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն Իրաքը վարում է տարածաշրջանի երկրների հետ: Այդ աշխատանքում մենք ձեր կողմում ենք»,-հայտարարել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: