«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական». Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականն «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվում են հայ և հրեա ժողովուրդների միջև նմանությունները:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են դարձել:

«Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ցայտուն նմանությունը: Հուշահամալիրից Երևան քաղաքի վրա բացվող տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից բացվող տեսարանը»,- գրում է հոդվածի հեղինակ, հայտնի իսրայելցի գրող և լրագրող Յոսի Մելմանը:

Լրագրողի խոսքով՝ չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից:

«1950-ական թվականների վերջից Թուրքիան հրեական պետության ռազմավարական հզոր դաշնակիցներից էր՝ մուսուլմանական աշխարհում Իսրայելի ունեցած եզակի բարեկամներից: Երկու երկրների հետախուզական և պաշտպանական հաստատությունների միջև սերտ կապ է եղել, և Թուրքիան իսրայելական զենքի համար կարևոր և շահութաբեր շուկա է եղել»,- ասված է հոդվածի տեքստում:

Մելմանը նշում է նաև, որ այսօր թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին երկրի պաշտոնական իշխանությունները հերթական պատճառն ունեն 1915թ.-ի ողբերգությունը չճանաչելու համար, այն է՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Հոդվածագրի կարծիքով՝ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը և, անկախ երկրի տնտեսական և քաղաքական շահերից, ի հիշատակ Հոլոքոստի 6 մլն զոհերի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը: