«Չկա որևէ հարց, որ 800 տարի միասին ապրած հայերն ու թուրքերը չկարողանան լուծել երկխոսելու ճանապարհով». Թուրքիայի նախագահականի պաշտոնյա

Թուրքիայի նախագահական նստավայրի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը կոչ է արել 1915 թվականի «հայերի ջարդերի» թեման «գործիք չդարձնել քաղաքական օգուտներ ստանալու համար»: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24 կայքը:

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ հարցը չպետք է շահարկվի երրորդ երկրների կողմից:

Ալթունի խոսքով՝ «1915-ի դեպքերի» մասին խոսելիս պետք է առաջնորդվել կառուցողական և հավասարակշռված մոտեցմամբ, «միայն մեկ կողմի տեսակետները ներկայացնելու փոխարեն երկու կողմերի կորուստներն ու ցավերը հաշվի առնելով»:

«Չկա որևէ հարց, որ երկխոսելու ճանապարհով չկարողանան լուծել 800 տարի միասին ապրած թուրքերն ու հայերը: Միայն պետք է թույլ չտալ, որ պատմությունը քաղաքականացվի»,-ասել է նա: