«Թուրքիային ցեղասպանության համար մեղադրող պետություններն իրենք արյունոտ անցյալ ունեն». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում անդրադարձել է «1915-ի դեպքերին»՝ հայտարարելով, որ թուրքական արխիվները բաց են բոլորի համար, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Օսմանյան արխիվներից 35,5 մլն փաստաթուղթ և 8 մլն նոթատետրի լուսանկարներ, Հանրապետական արխիվի 19 մլն փաստաթուղթ թվայնացվել է»,-հայտարարել է Էրդողանը:

Նա հայտարարել է, թե Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք «բոլորն էլ արյունոտ պատմություն ունեն»:

Էրդողանը հայտարարել է, թե «1915-ի դեպքերի» համար Թուրքիային մեղադրող ոչ մի խմբի կամ պետության կողմից արխիվային ապացույցներ չեն ներկայացվել:

«Մուսուլմաններին սպանած Ֆրանսիան թուրքերին դաս տալ չի կարող, տեղահանությունն այլ բան է, կոտորածն՝ այլ բան, ո՞ւմ եք խաբում»,-հայտարարել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անմոռուկի նկար է տարածել և կից գրառում կատարել:

«Հայոց ցեղասպանությունը 104 տարի առաջ այս օրը սկսվեց: Նախ հայ մտավորականները, հետո հայ ժողովուրդն իր պատմական հողերից աքսորվեց, սպանվեց: Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք»,-գրել է նա: