Ռուսաստանն արգելեց նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա

Ռուսաստանի կառավարությունն արգելել է ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ խոսելով Ուկրաինայի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին։

«Արգելք է սահմանվում Ուկրաինա ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանման վրա»,-ասել է նախարարների կաբինետի ղեկավարը: Մեդվեդեւը նաեւ հայտնել է ուկրաինական առանձին ապրանքների ներկրման արգելքն ընդլայնելու մասին: «Մենք հարկադրված ենք պաշտպանել մեր շահերը եւ պատասխան միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է կառավարության նախագահը:

«Ես կառավարության որոշում ստորագրեցի այդ թեմայի վերաբերյալ: Մենք ընդլայնում ենք Ռուսաստան ապրանքների առանձին տեսակների ներմուծան արգելքը, այդ միջոցը կվերաբերի Ուկրաինայի մեքենաշինության, թեթեւ արդյունաբերության, մետաղամշակման արտադրանքին, որի արժեքն անցյալ տարի կազմել է գրեթե 250 մլն դոլար»,-նշել է Մեդվեդեւը:

Նախարարների կաբինետի ղեկավարը ճշտել է, որ առանձին հայրենական ապրանքներ կարելի կլինի Ուկրաինա արտահանել միայն հատուկ թույլտվությամբ: «Սահմանվում Է այն ապրանքների ցանկը, որոնք ընթացիկ տարվա հունիսի 1-ից կարելի կլինի Ուկրաինա արտահանել միայն առանձին թույլտվությունների հիման վրա: Այդ կատեգորիայում ներառված է վառելիքաէներգետիկական համալիրի արտադրանքը, այդ թվում՝ ածուխը, նավթն ու նավթամթերքը»,-նշել է նա: