Տիբեթի 83-ամյա հոգևոր առաջնորդ Դալայ-լաման, որը կրծքավանդակի շրջանում բորբոքման պատճառով օրերս տեղափոխվել էր Նյու Դելիի հիվանդանոցներից մեկը, այնտեղ երեք օր անցկացնելուց հետո արդեն դուրս է գրվել:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Դալայ-լամայի անձնական քարտուղար Թենզին Թակլհային, հոգևորականն իրեն արդեն լավ է զգում:
Թակլհան մանրամասնել է, որ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրն արդեն անցել է իր բնականոն առօրյային և նույնիսկ մարզվում է:
Այնուհանդերձ՝ նա ևս մի քանի օր կշարունակի Նյու Դելիում մնալ, այնուհետև կվերադառնա Դհարամսալա բնակավայր:
Ինչպես ավելի վաղ գրել էր tert.am-ը, Հնդկաստանում բնակվող մոտ 100 000 տիբեթցիներից շատերը մտավախություն ունեն, որ Դալայ-լամայի մահվան դեպքում, իրենց հայրենիքի անկախացման համար պայքարը կավարտվի:
Դալայ-լաման 1959թ. Չինաստանի իշխանությունների դեմ ընդվզման տապալումից հետո փախել է Հնդկաստան, որտեղ որպես վտարանդի ապրում է Դհարամսալա բնակավայրում:
Ավելի վաղ Դալայ-լաման նախազգուշացրել էր, որ իր մահվանից հետո կարող է այնպես պատահել, որ Չինաստանը փորձի Տիբեթի հոգևոր առաջնորդի պաշտոնում իր թեկնածուին պարտադրել, ինչն անընդունելի է: