ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ հետևյալ դրույթների ամրագրումը.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,

2. ԱՄՆ կառավարության կողմից այս հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,

3. Ժամանակակից աշխարհում նման հանցանքները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ուսուցում կազմակերպելու կարևորության գիտակցում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների երկկուսակցական նախաձեռնությունը՝ կարևորելով հատկապես այն, որ ԱՄՆ ապագա սերունդները պետք է կրթության միջոցով տեղեկացված լինեն հայերի դեմ կազմակերպված հանցագործության փաստերի մասին:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով բանաձևի մասին, նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած և 1,5 մլն հայի կյանք խլած ցեղասպանությունը «սոսկ անցյալի փաստ չէ, այլ ներկայում առկախված սպառնալիք»:

«Դրա հերքումը ոչ միայն շարունակական վիրավորանք է փրկվածների համար, այլև մեկ այլ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնության վտանգ: Ավելի կարևոր է դառնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի ճանաչումը»,-ասել է կոնգրեսականը:

Նրա գործընկեր Գուս Բիլիրակիսն իր հերթին նշել է, որ «ցեղասպանությունը ոչ թե պետք է հերքել, այլ ընդունել որպես մարդկության համար պատուհաս»:

«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում քաջության նոր էջ կբացի: Գործող վարչակազմի հաստատուն առաջնորդությամբ՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ կանգնի»,-եզրափակել է կոնգրեսականը: