Ինչու պարտվեց Էրդողանը Թուրքիայի խոշոր քաղաքներում, և սկսված փոփոխությունները երբ կազդեն հայ-թուրքական հարաբերությունների վրա

«Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները նախազգուշացնող ազդակ դարձան Թուրքիայի Կառավարության համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների խիստ մտահոգիչ արդյունքներին Թուրքիայի Կառավարության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ձայների 99,8 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ստանալով 44,32 տոկոս քվե, հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ պարտություն կրելով, սակայն, Թուրքիայի խոշոր քաղաքներում: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է Թուրքիայի 81 նահանգներից 40-ում: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ստանալով ընտրողների ձայների 30,1 տոկոսը, հաղթել է երկրի 20 նահանգներում: Հատկանշական է, որ քեմալականներին հաջողվել է հաղթանակ արձանագրել Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա, Ադանա և այլն: Առաջին անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվել է մայրաքաղաք Անկարայում: Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև ամենաթեժ պայքարը Ստամբուլում է եղել, որտեղ առաջադրված էր Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը: Ձայների 99,8 տոկոսի հաշվարկի արդյունքում, Յըլդըրըմը, ստանալով 48,52 տոկոս քվե, զիջել է իր հիմնական մրցակցին Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Ուշագրավ է, որ Հայաստանի հետ սահմանակից Կարսում և Իգդիրում, չնայած ազգայնականների մեծ ազդեցությանը, հաղթել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները:

Նա նշեց, որ այս ամենը տեղի ունեցավ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական քվեարկություններից 10 ամիս անց: Նա հիշեցրեց, որ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց 52%-ով, սկսելով ընդլայնելով ճնշումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղբանտարկյալների նկատմամբ: Ավելին, վերլուծաբանի խոսքով, նրա կիրառած հռետորաբանությունը երբեք այդքան ագրեսիվ չէր եղել իր ողջ կառավարման ընթացքում:

«Նա նույնիսկ սկսեց մեղադրել այն մարդկանց, ովքեր ընտրում էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով դավաճաններ և ահաբեկիչներ: Նա փորձում էր վատթարացող տնտեսական ցուցանիշները «ծածկել» չափազանց ազգայնական հռետորաբանությամբ, դրանով իսկ վտանգի տակ դնելով Արևմուտքում Թուրքիայի բոլոր ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները: էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ թուրք ժողովուրդը կարող է ցանկացած լուրջ նախազգուշացում տալ կառավարությանը, որ ժողովրդավարությունն ու տնտեսությունը պետք է վերականգնվեն: Բայց պետք չէ մոռանալ նաև, որ Էրդողանը պահպանելու է իր իշխանությունը մինչև 2023 թվականը»:

Նրա համոզմամբ, հաշվի առնելով այդ հանգամանքը, վաղ է ակնկալել լուրջ արտաքին քաղաքական փոփոխություններ Թուրքիայի քաղաքականության մեջ:

«Բայց այն, որ սա դաս կլինի իշխող կուսակցության համար, և գուցե սկսվեն որոշակի մանր փոփոխություններ, միանշանակ է: Միանշանակ չէ, թե ապագայում ինչպիսի հեղինակություն է ունենալու Էրդողանի իշխանությունը, չի բացառվում, որ սա դառնա նրա հեռանալու սկիզբը, դա կբացի մեծ հեռանկարներ, քանի որ քեմալականների դիրքերն ամրապնդվում են:

Կարծում եմ` որքան էլ հարցը կարևոր է հայկական կողմի համար, թեև պաշտոնապես քիչ է խոսվում այդ մասին, փոփոխություններ հայ-թուրքական ուղղությամբ ակնկալել շատ վաղ է, քանի որ Թուրքիայում սկսված փոփոխություններն ունեն տարբեր սցենարներ, որոնք կարող են նաև երկարաձգվել: Արդյունքներն այս պահին ինձ համար միանշանակ չեն թվում: Սակայն քաղաքականություն չփոխելու դեպքում Էրդողանի հեղինակությունը շարունակելու է գահավիժել»,- ասաց նա:

Աղբյուրը` https://168.am/2019/04/07/1105467.html