Չեչնիայում ասել են՝ որն է անցած 12 տարվա ընթացքում Կադիրովի գլխավոր ձեռքբերումը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երդմնակալության 12-րդ տարեդարձի կապակցությամբ նրա մամուլի ծառայությունից հայտնել են՝ որոնք են ղեկավար պաշտոնում Կադիրովի գլխավոր ձեռքբերումները, գրում է ria.ru-ն:

«Կադիրովի գլխավոր առաջադրանքներն էին տարածաշրջանում ահաբեկչության վերացումը, բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելը: Ներկայում Չեչնիայի Հանրապետությունն աշխարհի միակ երկիրն է, որտեղ ահաբեկչությունն ամբողջովին վերացված է: Եվ սա Չեչնիայի ղեկավարի գլխավոր ձեռքբերումներից է»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Կադիրովին հաջողվել է բնակչության շրջանում գործազրկության մակարդակը 70%-ից նվազեցնել 8,3%-ի:

Բացի այդ, այժմ երկրում իրագործվում է մոտ 500 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 250 մլրդ ռուբլին: Այդ ծրագրերը հնարավորություն կտան ստեղծելու ավելի քան 20 000 նոր աշխատատեղ:

Կադիրովը Չեչնիայի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2007թ. ապրիլի 5-ին: