«Մի քանի ժամից կամ օրից Էկվադորն իր դեսպանատնից կվտարի Ասանժին». WikiLeaks

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպությունը տեղեկացրել է, որ Էկվադորի իշխանությունները ծրագրել են Լոնդոնում գտնվող իրենց դեսպանատից վտարել կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012թ. ի վեր ապաստանել է դեսպանատան տարածքում:

Ինչպես նշում է bloomberg.com կայքը, WikiLeaks-ի տվյալներով՝ Էկվադորն այս ամենը ծրագրել է Մեծ Բրիտանիայի հետ: Ծրագրի նպատակն է Ասանժի ձերբակալումը:

«Էկվադորի կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը WikiLeaks-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժը դեսպանատնից կվտարվի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում»,-նշվում է WikiLeaks-ի թվիթերյան էջում:

Մեկ այլ քաջատեղյակ աղբյուր էլ տեղեկացրել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Պարբերականը հիշեցնում է, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Ասանժը Շվեդիայում մեղադրվում էր բռնաբարության համար, սակայն նա մտավախություն ունի, որ Շվեդիան կարող է իրեն արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան խիստ պատիժ է սպառնում պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: