Պորոշենկոն և Զելենսկին բանավեճից առաջ արյան անալիզ են հանձնել (լուսանկարներ)

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկին իրենց հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ ալկոհոլի և թմրանյութի պարունակությունը ստուգելու անալիզ են հանձնել:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Զելենսկին հայտարարել է, որ անալիզների պատասխանները պատրաստ կլինեն 3 օրից, ինչից հետո դրանք կհրապարակի: Մինչդեռ արագ թեստի արդյունքները ցույց են տվել, որ Պորոշենկոյի օրգանիզմում հոգեակտիվ նյութերը բացակայում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ հեռուստաբանավեճին կմասնակցի, եթե այն անցկացվի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Բացի այդ նա պահանջել էր, որ ինքն ու Պորոշենկոն բանավեճից առաջ անալիզներ հանձնեն:

Պորոշենկոն ընդունել էր մրցակցի առաջարկը:

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը հայտարարել էր, որ  Զելենսկիի և գործող նախագահի բանավեճը «Օլիմպիյսկի» մարզադաշտից ուղիղ տեսակապով հեռարձակելու տեխնիկական հնարավորություն ունի, սակայն դա հակասում է երկրի սահմանադրությանը, ուստի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է Սահմանադրության որոշ դրույթներ փոխի:

Ըստ օրենքի՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են 2-րդ փուլից առաջ՝ վերջին ուրբաթ օրը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Երեսունինը թեկնածուից որևէ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ինչի արդյունքում նշանակվել է 2-րդ փուլ: