Թրամփը սխալ է ասել հոր ծննդավայրը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է՝ խոսելով իր հոր՝ Ֆրեդ Թրամփի ծննդավայրի մասին, հայտնում է news.sky.com-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ երեքշաբթի կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահն ասել է, որ Գերմանիան բավականաչափ գումար չի ուղղում ՆԱՏՕ-ի բյուջե: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ խորին հարգանք է տածում Գերմանիայի հանդեպ:

«Ես շատ եմ հարգում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և այդ երկիրը: Իմ հայրը գերմանացի էր և ծնվել է Գերմանիայում՝ գեղեցիկ վայրում, ես ջերմ զգացմունքներ ունեմ Գերմանիայի հանդեպ»,- ասել է Թրամփը:

Բաց աղբյուրների համաձայն՝ Ֆրեդ Թրամփը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս շրջանում, Բավարիայից ներգաղթյալների ընտանիքում: