Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ևս մեկ անգամ ձախողել է «Բրեքզիթ»-ի (Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիության կազմից) այլընտրանքային տարբերակներից որևէ մեկը հաստատելու քվեարկությունները, ինչից հետո երկրի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել կառավարության «շաթդաունի» կոչով:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկուշաբթի բրիտանական խորհրդարանում քվեարկության էին դրվել «Բրեքզիթ»-ի հետևյալ երեք այլընտրանքային տարբերակները՝ ԵՄ-ի հետ ընդհանուր շուկայի կամ մաքսային միության ստեղծում, ինչպես նաև ԵՄ կազմից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում:
Պահպանողական կուսակցության անդամները հրաժարվել են հավանություն տալ երեք տարբերակներից որևէ մեկին:
Պարբերականը նկատում է, որ, ըստ ԵՄ առաջնորդների առաջադրած պայմանի, եթե խորհրդարանն առաջիկա օրերի ընթացքում որևէ որոշում չկայացնի, ապա Լոնդոնին ընդամենը 10 օր կմնա ԵՄ-ն առանց որևէ համաձայնագրի լքելու համար:
«Բրեքզիթ»-ի գծով բրիտանացի քարտուղար Սթիվ Բարքլեյն ընդգծել է, որ Համայնքների պալատը մերժում է և՛ ԵՄ-ն առանց շահեկան համաձայնագրի լքելու, և՛ դրա կազմում մնալու առաջարկները:
«Սակայն Մեծ Բրիտանիայի համար լավագույն տարբերակը համաձայնագրի կնքմամբ ԵՄ-ն լքելն է»,-նշել է պաշտոնյան:
Ինչ վերաբերում է Թերեզա Մեյի՝ կառավարության «շաթդաունի» կոչին, ապա լրատվամիջոցներն այդ առումով մանրամասներ չեն հրապարակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Եվրամիության առաջնորդները Մեծ Բրիտանիայի վարչապետին «Բրեքզիթ»-ի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար: Ի սկզբանե «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն երկրի խորհրդարանն առկա տարաձայնությունների պատճառով առ այսօր չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
Վարչապետ Մեյը «Բրեքզիթ»-ի հարցով փաստաթուղթը համաձայնեցրել է պաշտոնական Բրյուսելի հետ, սակայն բրիտանացի օրենսդիրների մի մասը հրաժարվում է դրան հավանության տալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի բխում Լոնդոնի շահերից: