Մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկած նախագահական ընտրություններում գրանցվել են առաջին խախտումները, հայտնում է korrespondent.net կայքը՝ մանրամասնելով, որ «ՕՊՈՐԱ» քաղաքացիական ցանցի դիտորդին թույլ չեն տվել ընտրատեղամաս մտնել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել Վոլինի մարզում:
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ որոշ ընտրատեղամասերում ընտրաթերթիկների քանակը չի համապատասխանում քվեարկողների թվի հետ:
Դիտորդների փոխանցմամբ՝ երկրի տարբեր մարզերի ընտրատեղամասերում գրանցվել են մի շարք ընտրախախտումներ, մասնավորապես՝ քվեատուփերի լցոնում, քվեաթերթիկների ստացում առանց համապատասխան փաստաթղթերի ներկայացման:
Gazeta.ru-ի տվյալներով՝ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է ընտրախախտման 25 դեպքի մասին: Դրանք կապված են Կիևում և ինը մարզերում ընտրական գործընթացի խախտման հետ:
Մասնավորապես՝ ընտրատեղամասերից մեկում քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը, իրականացվել է ապօրինի քարոզչություն, ընտրակաշառք է բաժանվել, քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու փորձ է ձեռնարկվել:
Լվովի մարզում ընտրատեղամասերից մեկի ընտրական հանձնաժողովի նախագահը սխալմամբ անվավեր է ճանաչել 180 քվեաթերթիկ, ինչի մասին ավելի ուշ հայտնել է ընտրական հանձնաժողովին:
Մինչդեռ Խարկովի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել՝ վնասվածնքեր հասցնելով 35-ամյա մի տղամադու: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք միջադեպը կապ ունի ընտրությունների հետ, թե ոչ:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:
Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը: