Գուաիդոն պատասխանել է 15 տարվա ընթացքում նախագահ դառնալու արգելքին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն արձագանքել է 15 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու՝ երկրի գլխավոր վերահսկողական վարչության արգելքին, հաղորդում է lenta.ru-ն:

Գուաիդոն նշել է, որ պետական մարմինն իրավունք չունի իրեն արգելել քաղաքականությամբ զբաղվել:

«Այսպես կոչված Գլխավոր վերահսկողական վարչություն գոյություն չունի, ինչպես և գոյություն չունի դրա ղեկավարի պաշտոնը: Վերահսկողին կարող է նշանակել միայն օրինական ընտրված Ազգային ասամբլեան»,- ասել է նա:

Բացի այդ, ընդդիմադիր առաջնորդը հրաժարվել է ավելի քան 100 հազար դոլար արժողության արտասահմանյան ուղևորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել: Վերահսկողական մարմինը հայտնել էր, որ Գուաիդոն ավելի քան 90 ուղևորություն է իրականացրել, սակայն այդ միջոցների աղբյուրներն անհայտ են:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ին, երբ բողոքի զանգվածային ցույցերից հետո երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ-ը, ԵՄ երկրների մեծամասնությունն ու լատինամերիկյան երկրները նրան երկրի օրինական ղեկավար են ճանաչել: Ռուսաստանն ու մի շարք այլ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին: