Արգենտինայի նախկին նախագահը դատարանի առաջ կկանգնի նախագահական օդանավերը որպես թերթերի առաքման միջոց օգտագործելու համար

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ քրեական գործ է հարուցվել: Համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Կլաուդիո Բոնադիոն, հայտնում է gazeta.ru-ն:

Դատավորի տվյալներով՝ 2007-2015թթ. նախագահական ավիապարկի ինքնաթիռները Քիրշների կարգադրությամբ օգտագործվել են թերթերն Էլ Կալաֆատե և Ռիո Գալեգոս քաղաքներ հասցնելու համար: Հայտնի է, որ այդ քաղաքներում են գտնվում Քիրշներ ընտանիքին պատկանող տները:

Պարզվել է, որ թերթերն առաքելու նպատակով թռիչքներից յուրաքանչյուրը պետական բյուջեին արժեցել է 2000-11 000 դոլար: Թռիչքի գինը տատանվել է՝ կախված նրանից, թե ինչ մոդելի օդանավ է օգտագործվել:

Նույն գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նախագահի վարչակազմի նախկին գլխավոր քարտուղարին:

Քիրշները նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը։ Նա փոխարինել է իր ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։ Քիրշները դարձել է Արգենտինայի երկրորդ կին նախագահը (Իսաբել Պերոնից հետո) և Արգենտինայի առաջին կին նախագահը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է ընտրությունների արդյունքում։