Հանցագործները, ներկայանալով որպես Ֆրանսիայի արտգործնախարար և նրա օգնականներ, 8 մլն եվրո են շորթել. նրանք ձերբակալված են

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է խարդախության համար կասկածվող երեք անձի, որոնք ներկայանալով որպես Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիան ու նրա օգնականներ՝ գործարարից 8 մլն եվրո են շորթել:

Ինչպես գրում է ria.ru-ն, կասկածյալները ձերբակալվել են փետրվարին վերջին՝ իսրայելցի և ֆրանսիացի իրավապահների համատեղ գործողության արդյունքում:

Խարդախների խումբը սկսել է գործել 2018թ. սեպտեմբերին՝ Ֆրանսիայի տարածքում: Նրանք կիրառել են նույն մեթոդը. զանգահարել են, էլեկտրոնային նամակներ ուղարկել, երբեմն օգտվել Skype-ի «չաթ»-ից՝ ներկայանալով որպես Ֆրանսիայի արտգործնախարար և նրա օգնականներ:

Կասկածյալների թիրախում են հայտնվել Ֆրանսիայի գործարար աշխարհի էլիտայի ներկայացուցիչները, որոնց «արտգործնախարարն» ու «նրա օգնականները» խնդրել են «օգնել երկրին» և վճարել Մալիում և Սիրիայում իսլամիստների մոտ գերության մեջ գտնվող գերիների փրկագինը:

Ընդհանուր առմամբ, կեղծարարներն այդպիսի 40 փորձ են նախաձեռնել, սակայն դրանցից միայն մեկն է հաջողել. գործարարը, որի անունը չի հրապարակվում, հավատացել է նրանց ու համապատասխան հաշվին 8 մլն եվրո փոխանցել:

Դրամաշորթների խումբը ձերբակալվել է, երբ հեռախոսով զրուցելիս է եղել հերթական «զոհի» հետ: