Միջերկրական ծովում ներգաղթյալները գրավել են իրենց օգնության եկած առևտրային նավը. իրավիճակը վերահսկողության տակ է առել Մալթայի ԶՈւ-ն

Մալթայի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Elhibru 1 առևտրային նավը, որը դուրս էր եկել Թուրքիայի նավահանգիստներից մեկից ու, ըստ նախնական տվյալների, Լիբիայի ափերի մոտ գրավվել է ներգաղթյալների մոտ 100 հոգանոց խմբի կողմից:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մալթայի ԶՈւ անդամներն ուղեկցում են նավը դեպի Մալթայի նավահանգիստներից մեկը: Հայտնի է, որ ներգաղթյալներին օգնության գնացած նավի անձնակազմի մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են:

Նշվում է, որ ներգաղթյալները պահանջել են նավի կապիտանից ուղղել այն դեպի Մալթա, տարածքում հերթապահություն իրականացնող մալթացի զինծառայողները, սակայն, չեն թույլատրել նավին մտնել երկրի ջրային տարածք:

Ի վերջո, Մալթայի ԶՈւ-ին պատկանող հատուկ նշանակության խումբը գործողություն է իրականացրել նավը վնասազերծելու ու դրա ղեկը կապիտանին փոխանցելու համար: Նավահանգիստ հասնելուն պես ներգաղթյալները կփոխանցվեն տեղի ոստիկանությանը: