Հրադադարի մասին հայտարարությունից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Պաղեստինցի ծայրահեղականները լույս մարտի 26-ին հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ 30 հրթիռ են արձակել, որին ի պատասխան իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ռազմական թիրախների են հարվածել, գրում է HAARETZ պարբերականը՝ Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը հղումով:

Իսրայելի «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին հաջողվել է որսալ պաղեստինցիների արձակած հրթիռներից մի քանիսը, իսկ մյուսներն ընկել են չբնակեցված տարածքներում:

Իսրայելական կողմի հարվածի թիրախներից են եղել Բեյթ Հանուն և Բեյթ Լահիյա ռազմական ճամբարները:

«Իսրայելի բանակը լի է Իսրայելի քաղաքացիներին պաշտպանելու վճռականությամբ, պատրաստ է ցանկացած սցենարի և անհրաժեշտության դեպքում կուժեղացնի իր օպերատիվ գործողությունները»,- ասված է Իսրայելի բանակի մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եգիպտոսցի միջնորդներին հաջողվել էր պաղեստինցիների ու իսրայելցիների միջև հրադադարի համաձայնության հասնել, սակայն դրանից ընդամենը ժամեր անց հետևել են հրթիռային հարվածները:

Դիմակայության հերթական ալիքը սկսվել էր այն բանից հետո, երբ մարտի 25-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել էր Թել Ավիվից դեպի հյուսիս գտնվող Միշմերեթ բնակավայրի բնակելի տներից մեկի վրա: Հարվածի հետևանքով 7 իսրայելցի էր տուժել՝ ներառյալ երեխաներ: