Պենտագոնը Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 1 մլրդ դոլար է հատկացրել

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների ապօրինի մուտքը Միացյալ նահանգներ կանխելու նպատակով կառուցվող պատին 1 մլրդ դոլար հատկացնելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք Պենտագոնի պաշտոնական կայքից:

Միջոցները կուղղվեն ԱՄՆ հարավային սահմանին արգելապատի 91 կմ երկարությամբ հատվածի կառուցմանը, ինչպես նաև Արիզոնա նահանգի Յումա և Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքներում ճանապարհների ու լուսավորության բարելավմանը:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից է եղել: Նախագահի վարչակազմի համոզմամբ՝ պատը կկանխի երկրում ապօրինի ներգաղթն ու թմրանյութերի մաքսանենգությունը:

Պատի կառուցումը սկսվել է դեռևս ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, ապա շարունակվել է 2006թ.-ին: Մինչ այժմ սահմանի երկայնքով 1078 կմ արգելապատ է կառուցվել, որին Թրամփը ցանկանում է ավելացնել ևս 1600 կմ:

Իշխող Հանրապետական կուսակցության անդամներին ի սկզբանե հաջողվել էր ծրագրի համար մոտ 6 մլրդ դոլար հատկացնելու մասին փաստաթուղթ պատրաստել, սակայն այն Սենատ չէր հասել: Ներկայացուցիչների պալատում նույնպես հայտնել էին պատի կառուցումը չֆինանսավորելու մասին:

Կուսակցությունների միջև այս հարցի շուրջ տարաձայնությունները 2018թ.-ի վերջին հանգեցրել էին պետական հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցմանը, ինչն ավելի քան 35 օր էր տևել:

Փետրվարի կեսին Թրամփը երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն էր սահմանել, ինչը թույլ կտար նրան առանց Կոնգրեսի համաձայնության ստանալ պատի կառուցման համար ակնկալվող 6 մլրդ դոլարը: Նախագահի այս որոշումն արդեն վիճարկվել է դատարաններում: