Ճապոնիայի Օկինավա կղզում անհայտ անձը պայթյուն է իրականացրել ամերիկյան «Քեմփ Ֆոսթեր» ռազմաբազայում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Տեղի ոստիկանության և ամերիկյան հրամանատարության տվյալներով՝ կիրակի երեկոյան տղամարդը կտրել է պաշտպանիչ ցանցը և ներխուժել բազայի տարածք, այնուհետև գրասենյակի երկրորդ հարկում Ճապոնիայի պաշտպանության նախարարության՝ Օկինավայում ներկայացուցչության դռան առաջ գազի բալոն է պայթեցրել:
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հստակեցվում է նյութական վնասի չափը: Ոստիկանությունը փնտրում է կատարվածի մեղավորին:
Հայտնի է, որ «Քեմփ Ֆոսթեր» բազայում են գտնվում Բաթլերի ծովային հետևակի կորպուսի շտաբն ու դրա օբյեկտները: