Թուրքիայի Իզմիր քաղաքի Քարշըյաքա շրջանում անհայտ անձինք անցած գիշեր կարմիր ներկով նշաններ են արել տեղի քուրդ ալևիների տների դռներին: Իրավիճակը խուճապի առիթ է դարձել բնակչության շրջանում:
Ինչպես գրում է artigercek.com կայքը, միջադեպի մասին ահազանգել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Մուրադ Չեփնին:
Նա նկատել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցները նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են թաղամաս ու թռուցիկներ բաժանել բնակիչներին: Դրան ի պատասխան տեղի քուրդ ալևիները նշել են, որ իրենք չեն պատրաստվում ձայն տալ ԱԶԿ-ին:
«Այս երկրում ապրող ալևիները տարիներ շարունակ անցել են սրա միջով: Մեզ փորձում են վախեցնել: 10 օր առաջ ԱԶԿ-ական մի խումբ եկավ այստեղ թռուցիկ բաժանելու, մենք էլ ասացինք՝ «Ձեզ ձայն տվողը չենք», հետո տեղի ունեցավ այս միջադեպը», – պատմել է քրդամետ կուսակցության՝ Քարշըյաքա շրջանի շտաբի նախկին ղեկավար Հուսեին Ակգյուլը:
Նշենք, որ ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում:
Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:
Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/23/izmir/2955489