5,4-ից 5,8 լիրա. Էրդողանի՝ Թրամփին ուղղված քննադատությունից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշման հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված քննադատությունից անմիջապես հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է ամերիկյան դոլարի նկատմամբ, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Նշվում է, որ երեկ առավոտյան մեկ դոլարը Թուրքիայում արժեցել է 5,4 լիրա, մինչդեռ երեկոյան այն հասել է արդեն 5,8 լիրայի: Ենթադրվում է, որ թուրքական արժույթի անկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ կշարունակվի:

Անցյալ տարի ԱՄՆ դոլարը ռեկորդային թանկացում էր գրանցել Թուրքիայում՝ մի քանի ամսում 4,8 լիրայից հասնելով 7-ի: Թուրք-ամերիկյան հերթական ճգնաժամը կապված էր Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ: 2018-ի հոկտեմբերին Թուրքիան ստիպված էր ազատ արձակել հոգևորականին:

«Մենք երբեք թույլ չենք տա Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացիայի օրինականացումը, չենք կարող դա թույլ տալ», – երեկ ասել էր Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար եկել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ժամանակը:

Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել էր 1944թ.-ից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքը: 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/23/lira-dolar/2955230