Ոչ ստանդարտ իրավիճակ և «ավելորդ իրարանցում ՀԱՊԿ-ում». Երևանը կգնա՞ փոխզիջումների

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն ու փաստաթղթերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա: Սեմերիկովը նշել է՝ քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա 1 տարում կարող է առանց նոր գլխավոր քարտուղարի մնալ, քանի որ կազմակերպության անդամ երկրներից Հայաստանը համաձայնություն չի տվել այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակմանը: Հոդվածում նշվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի ՀՀ-ից թեկնածուի նշանակել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել այդ պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը սկզբունքային նշանակություն չունի. «Այդ պատմությունը ուռճացվեց, սկանդալ առաջացավ, երբ Հայաստանն իր ներկայացուցչին հետ կանչեց, բայց հիմա դրա վրա կենտրոնանալ չարժե։ Բացի այդ՝ կա հստակ գործընթաց։ Այդ պաշտոնի ստանձնումը պահանջում է որոշակի ժամանակահատված՝ 8-10 ամիս։ Եթե Հայաստանի նոր ներկայացուցիչը հաստատվեր, ապա նա 8 ամիս դեռ պաշտոնը կստանձներ, և հետո մի քանի ամսից նրա պաշտոնավարման ժամկետը կլրանար»։

Ստանիսլավ Տարասովը ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է համարում և հավելում, որ այժմ դրա շուրջ ավելորդ իրարանցում է. «Երկրորդ՝ պետք է հստակ հասկանալ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սիմվոլիկ պաշտոն է, ինքնուրույն որոշումներ չեն ընդունվում, ամեն բան համաձայնեցվում է երկրների առաջնորդների հետ։ Սկզբունքային նշանակություն չկա՝ Հայաստա՞նն է այն ղեկավարում, Բելառո՞ւսը, թե՞ Ղազախստանը»։

Ըստ Տարասովի՝ այժմ փորձ է արվում հարցը սենսացիոն դարձնել՝ անընդհատ մամուլում դրան անդրադառնալով և մե՛կ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում հաղթել է, մե՛կ էլ նշելով, թե պարտվել է: «Այս փաստին հատուկ նշանակություն տալ տվյալ փուլում չարժե»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև չի կարծում, թե այս հարցը Հայաստան-ՀԱՊԿ կամ հայ-ռուսական հարաբերությունների վրա որևէ անդրադարձ կունենա. «Սա մաքուր գործընթացային հարց է, ուրիշ ոչինչ։ Մենք հարցը կարող էինք լրջորեն քննարկել, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ինքնուրույն որոշումներ կայացներ, լիազորություններ ունենար, բայց ամեն ինչ համաձայնեցված է տեղի ունենում։ Հիմա ինչ է փոխվում, եթե այդ ներկայացուցիչը Հայաստանից կամ Բելառուսից է, օրինակ՝ դուք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունեիք, ի՞նչն էր փոխվում։ Ես չեմ կարծում, թե այս իրարանցումը որևէ պատճառ ունի։ Հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա են, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, և եթե մեզ պետք է ընդհանուր որոշում կայացնել ՀԱՊԿ շրջանակներում, դա կարելի է անել ցանկացած գլխավոր քարտուղարի դեպքում»։

Հարցին՝ բացառվո՞ւմ է արդյոք, որ առանց Հայաստանի համաձայնության գլխավոր քարտուղար նշանակվի, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց. «Կա կանոնադրություն, եթե Հայաստանն ինչ-որ պատճառով չպաշտպանի որևէ մեկի թեկնածությունը, էմբարգո կդրվի։

Բայց ի՞նչ, ի՞նչ կշահի Հայաստանը՝ կմնա պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուսաստանի ներկայացուցիչը։ Ի՞նչ կշահի Ռուսաստանը՝ նորից ոչինչ։ Կրկնում եմ՝ այս հարցին այլևս մեծ նշանակություն տալ պետք չէ»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր նշանակմանը՝ նշել էր, որ եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի համաձայնության, նշանակում է ՀԱՊԿ առհասարակ գոյություն չունի։

Փորձագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ զարմանալի է, որ նույնիսկ տեսականորեն Փաշինյանը հնարավորություն է տեսնում, որ առանց Հայաստանի համաձայնության կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվել. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվում են կոնսենսուսով՝ անդամ երկրների կողմից, առանց Հայաստանի համաձայնության որևէ մեկն այդ պաշտոնը ստանձնել չի կարող»։

Ինչ վերաբերում է հարցի շուրջ հնարավոր զարգացումներին, Արմեն Վարդանյանը մի քանի տարբերակ է տեսնում. «Հայաստանը մինչև վերջ տորպեդահարում է Բելառուսի թեկնածուի նշանակումը և թույլ չի տալիս, որ նշանակվի Ստանիսլավ Զասը։ Այդ վիճակը ձգձգվում է մինչև 2020 թվական՝ մինչև հասնի Բելառուսի հերթը։ Տարբերակ երկու. Հայաստանը մինչև վերջ պնդում է և հասնում նրան, որ Հայաստանի ներկայացուցիչն է այս մեկ տարվա ընթացքում պաշտոնավարում։ Եվ երրորդ տարբերակն այն է, որ Հայաստանը փոխզիջումային տարբերակի է գնում՝ համաձայնում է Ստանիսլավ Զասի թեկնածությանը և դրա փոխարեն ինչ-որ զիջումներ ստանում ՀԱՊԿ անդամ Բելառուսից և Ռուսաստանից։ Թե որ տարբերակը կընտրի Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս պարզ չէ, բայց որքանով որ ես եմ հասկանում, ՀՀ իշխանություններն ընտրել են տորպեդահարելու տարբերակը և ներկայիս ստատուս քվոն պահպանելու վիճակը»։

Ըստ Վարդանյանի՝ Հայաստանը հիմա պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի և առաջարկի ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ իրականացնել. «Որպեսզի նման ֆորս-մաժորային իրավիճակներում հստակ լուծումներ լինեն հենց ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Ներկայումս ՀԱՊԿ կանոնադրությունը լուծումներ չի առաջարկում, այդ պատճառով էլ նման փակուղային իրավիճակ է ստեղծվում»։

Եթե Հայաստանը գնա ստատուս քվոն պահպանելու և Ստանիսլավ Զասի թեկնածությունը նախքան մեր ժամկետի ավարտը մերժելու տարբերակով, սա հետագայում մեզ համար խնդիրներ կառաջացնի՞, հարցին ի պատասխան Արմեն Վարդանյանը պատասխանեց.

«Հնարավոր է լինեն խնդիրներ, բայց մենք պետք է մեր շահերն առաջ տանենք, և կապ չունի, թե անդամ մյուս երկրները ինչ դիրքորոշում կունենան։ Եվ երկրորդն էլ՝ ՀՀ իշխանությունները պետք է հստակ Բելառուսին հասկացնեն, որ եթե իրենք շարունակեն այս քաղաքականությունը, ապա 2020 թվականին, երբ գա Բելառուսի հերթը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար առաջադրելու հարցում, Հայաստանն ինքը կտորպեդահարի Բելառուսի ներկայացուցչի նշանակումը, քանի որ, ինչպես նշեցի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը լինում է կոնսենսուսով։ Երևանը պետք է հասկացնի՝ եթե դուք հիմա մեր ներկայացուցչի նշանակմանը հավանություն չեք տալիս, ապա 2020-ին էլ մենք ենք ձեզ համար խոչընդոտներ հարուցելու»։