Թրամփը Հայաստանին անուղղակի աջակցությամբ անհանգստացրել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Էրդողանն ափսոսալի է համարել Գոլանի բարձունքներն Իսրայելի իրավասության ներքո ճանաչելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Թրամփի գրառումը, որը դարձյալ խառնել է միջազգային հարաբերությունների աշխույժ մասնակիցներին: Գոլանի բարձունքները, որոնք 1967-ից ի վեր մեծ մասամբ գտնվում են Իսրայելի ենթակայության ներքո, իսրայելա-սիրիական վեճի առարկա են: Իսրայելը բարձունքները հայտարարել է իր տարածք, սակայն դա չի արժանացել ՄԱԿ-ի ճանաչման: Թրամփը փաստորեն հայտարարում է ճանաչման անհրաժեշտության կամ պարզապես ճանաչման մասին, ինչը անշուշտ նոր իրավիճակ է ստեղծում ոչ միայն մերձավորարևելյան ռեգիոնում, այլև ամբողջ աշխարհում:

Բանն այն է, որ այսօր միջազգային իրավիճակը բնութագրվում է համակեցության ինստիտուցիոնալ ճգնաժամով, երբ միջազգային կառույցներն ու վեճերի հարթման մեխանիզմները պարզապես չեն աշխատում: Այլ կերպ իրավիճակը բնութագրվում է նաև որպես նոր աշխարհակարգի ձևավորման, փնտրտուքի գործընթաց:

Ահա այս իրավիճակում առավել առանցքային նշանակություն են ստանում ուժային կենտրոնների և մասնավորապես գերտերության թրենդային մոտեցումներն ու քայլերը, որոնք կարող են ուղղակի նախադեպային քաղաքական ուժ ստանալ նոր աշխարհակարգի ձևավորման ներկայիս փուլում:

Այդ թրենդը փաստորեն տագնապեցնում է Թուրքիային, որը մի կողմից՝ հակամարտության մեջ լինելով Սիրիայի իշխանության հետ, մյուս կողմից՝ չի ընդունում Իսրայելի իրավունքը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Այստեղ իհարկե առկա է ամերիկա-թուրքական և թուրք-իսրայելական հակադրության ազդեցությունն Էրդողանի դիրքորոշման վրա, սակայն սրանով հանդերձ՝ առավել առարկայական նշանակություն է ստանում Էրդողանի «ափսոսանքը» այն թրենդի կապակցությամբ, որ փաստորեն պարբերաբար առաջ է մղում ԱՄՆ նախագահը: Իսկ հարցն այն է, որ այդ թրենդը կարող է շոշափել նաև Թուրքիայի համար ևս մեկ առանցքային հարց՝ Արցախյան խնդիրը կամ Ադրբեջանի խնդիրը, արցախյան գոտում հայկական վերահսկողության տակ գտնվող ազատագրված տարածքների առումով:

Ակնհայտ է, որ այս ուղղությամբ էլ տեղի է ունենում իրավիճակի քաղաքական բովանդակության տրանսֆորմացիա, և այդ համատեքստում էլ ԱՄՆ ներմուծած նոր թրենդները կարող են Հայաստանի նոր իշխանության նախաձեռնած այդ տրանսֆորմացիայի համար ապահովել աշխարհաքաղաքական լայն լեգիտիմություն: Իսկ այստեղ Թուրքիան անշուշտ կրտսեր եղբայր Ադրբեջանի համար չէ, որ կարող է անհանգստանալ:

Բանն այն է, որ արցախյան գործընթացում տրանսֆորմացիան Թուրքիային կզրկի որևէ նոր «ֆուտբոլային դիվանագիտության» հնարավորությունից: Մի բան, մի գործընթաց, որը Հայաստանում դիտարկվում էր առավելապես երկկողմ հարաբերության կամ պարզապես Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմության համատեքստում, մինչդեռ Սարգսյանն ուղղակի ներգրավվել էր ավելի լայն շրջանակով գործընթացում, օգտվելով առիթից, ընդ որում՝ հայկական շահի նկատմամբ ակնհայտ սպառնալիքով, որ պարունակում էր գործընթացը: Սակայն խորքային առումով դա գործընթաց էր, որը մեծ հաշվով ռուս-թուրքական Մոսկվայի հայտնի պայմանագրի վերաթարմացումն էր՝ արդեն անկախ Հայաստանի մասնակցությամբ, թեկուզ անուղղակի, այսպես ասած՝ շրջանցիկ մասնակցությամբ:

Թրամփի թրենդը՝ Արցախյան հարցում ռազմավարության փոփոխության հայկական քաղաքականությանը զուգահեռ, կարող է աշխարհաքաղաքական լայն իմաստով արգելափակել այդ հնարավորությունը, ինչն ուղղակիորեն նշանակելու է Թուրքիայի աշխարհաքաղաքական «ունեզրկում»՝ հնարավոր ավելի խորքային հետևանքով, քանի որ Ռուս-թուրքական պայմանագրի աշխարհաքաղաքական ապամոնտաժումը կարող է բերել նաև Թուրքիայի համար մի շարք այլ պայմանագրերի շղթայական քանդման:

Աղբյուրը` https://www.1in.am/2527886.html