«Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը». Անկարայում քննադատել են Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը

Թուրքիայում արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությանը:

Ինչպես հաղորդում է CNN Türk-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, քննադատության ենթարկելով Թրամփի հայտարարությունները, շեշտել է, որ ԱՄՆ-ի նման քայլը կարող է սաստկացնել իսրայելա-պաղեստինյան բախումները:

«Պաղեստինյան հողերն օկուպացրած Իսրայելի անօրեն քայլերն օրինականացնել փորձելը նշանակում է աջակցել օկուպացիոն քաղաքականությանն ու խորացնել հակամարտությունը», – գրել է Քալընը Twitter-ի իր էջում:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որոշումը կարող է տարածաշրջանում է՛լ ավելի մեծ բռնության ալիքի պատճառ դառնալ:

«Երկրի տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է: Իսրայելի անօրեն քայլերն օրինականացնելու ԱՄՆ-ի ջանքերը միայն կնպաստեն տարածաշրջանում ավելի շատ ցավի ու բռնության: Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը», – նշել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար եկել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ժամանակը:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքներում հրեական պետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության համար:

Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները զբաղեցրել են այդ տարածքը: 1973-ին կողմերը հրադադարի համաձայնագիր են կնքել, իսկ 1974-ից Գոլանի բարձունքներում հայտնվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/22/israel/2954326