Հայոց ցեղասպանության ճանաչման «լոբբինգով» Իսրայելում զբաղվում է Թուրքիան. Եվգենի Սատանովսկի

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դիվանագիտական առաքելություն բացելու հավանականության մասին հայտարարությունը, կարծիք է հայտնել, որ կան որոշակի պատճառներ, թե ինչու է Հայաստանը որոշել Իսրայելում դեսպանություն բացել հենց այս պահին:

Քաղաքագետի կարծիքով՝ տվյալ հանգամանքը կարող է դրական ազդել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: «Հույս ունեմ, քանի որ գլխավոր մարդիկ, որոնք այժմ Իսրայելում նպաստում են պետական մակարդակով Ցեղասպանության ճանաչմանը, Խորհրդային Միությունից են՝ Յոել Էդելշտեյնը, Ավիգդոր Լիբերմանը… Ուրեմն այսպես, այդ թեմայի լոբբինգով գլխավոր զբաղվողը Թուրքիան է:

Էրդողանի կոշտ, հակաիսրայելական հարձակումները, Անկարայի կողմից «ՀԱՄԱՍ-ին» աջակցող ցանկացած գործողություն նպաստում է այն մտքի ընկալմանը, որ Թուրքիան Իսրայելի դաշնակիցը և գործընկերը չէ: Եվ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է», – РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Սատանովսկին:

Վերջինս մեկնաբանել է նաև Իրանի կողմից հավանական բացասական վերաբերմունքի հարցը՝ կապված Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման հետ:

«Հնարավոր է` Իրանի ղեկավարությունը դա բացասաբար ընդունի: Հասկանում եք, Ռուսաստանն Իրանի հետ առավել մասշտաբային հարաբերություններ ունի, քան Հայաստանը: Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Իրանի և Իսրայելի հետ, ինչպես նաև ազատ մուտքի արտոնագրի ռեժիմ Իսրայելի հետ», -շեշտել է Սատանովսկին:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/22/satanovski/2954117