ԵՄ-ն 7 ժամ տևած թեժ քննարկումներից հետո Մեծ Բրիտանիային «Բրեքզիթ»-ի հարցով 3 վերջնաժամկետ է տվել

Եվրոպական միության առաջնորդները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին «Բրեքզիթ»-ի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. այժմ Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն երկրի խորհրդարանն առկա տարաձայնությունների պատճառով առ այսօր չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Վարչապետ Մեյը «Բրեքզիթ»-ի հարցով փաստաթուղթը համաձայնեցրել է պաշտոնական Բրյուսելի հետ, սակայն բրիտանացի օրենսդիրների մի մասը հրաժարվում է դրան հավանության տալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի բխում Լոնդոնի շահերից:

Նշվում է, որ Մեյը Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի հարցով երրորդ քվեարկության տապալումից հետո նամակով դիմել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Լոնդոնին հարցը լուծելու համար մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ:

Թեժ քննարկումների արդյունքում ԵՄ առաջնորդները որոշել են, որ եթե Մեյին հաջորդ շաբաթվա ընթացքում հաջողվի օրենսդիրներին համոզել քվեարկել փաստաթղթի օգտին, ապա «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը կլինի մայիսի 22-ը:

Իսկ եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթվա ընթացքում այդպես էլ չվավերացնի փաստաթուղթը, ապա վերջնաժամկետը կլինի ապրիլի 12-ը: Լոնդոնը ստիպված կլինի մինչև ապրիլի 12-ը նոր ծրագիր ներկայացնել՝ կա՛մ ԵՄ-ն լքելու, կա՛մ դրա կազմում մնալու համար:

Ծայրահեղ դեպքում ժամկետը կհասցվի մինչև հունիսի 30-ը՝ նախքան ԵՄ նոր խորհրդարանի ձևավորումը:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս ընտրության հնարավորություն ունի համաձայնագիրը կնքելու կամ չկնքելու միջև»,-հայտարարել է Տուսկը:

Հայտնի է, որ 7 ժամ տևած թեժ քննարկումներից հետո Մեյը հայտարարել է, որ իրեն կհաջողվի հաջորդ շաբաթ այնպես անել, որ խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/22/brexit/2954269