Բարեկամական զրույց. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախագահը կարևոր է համարել նաև Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, և հաջողություն՝ ի շահ մեր պետությունների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և Ղազախստանի հետագա առաջընթացի:

Հանրապետության նախագահը նաև ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19–ին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: