«Կեղծավորնե՛ր, ցինիկնե՛ր, փարիսեցինե՛ր». Մադուրոն Թրամփին մեղադրել է Վենեսուելայից դեղորայքի արտադրությանը հատկացվելիք 5 մլրդ դոլար գողանալու համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրից 5 մլրդ դոլար գողանալու համար, որը պետք է հատկացվեր դեղորայքի արտադրությանը, գրում է farsnews.com-ը:

«Թրամփի կառավարությունը մեզնից 5 մլրդ դոլար է գողացել, որը նախատեսվում էր հատկացնել Վենեսուելայում դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հիմնական նյութերի ձեռքբերմանը և դրանք երկրի բուժհաստատություններ, դեղատներ ու ամբուլատոր ցանցեր ուղարկելուն»,- հայտարարել է Մադուրոն դեղորայքային արդյունաբերության զարգացման ծրագրի վերագործարկմանը նվիրված միջոցառմանը:

Նախագահի խոսքով՝ ամենահանցավոր պատժամիջոցներից մեկը երկիրը դեղորայքից զրկելն է:

«Կեղծավորնե՛ր, ցինիկնե՛ր, փարիսեցինե՛ր: Ձեր առաջարկածը ոչ թե հումանիտար օգնություն էր, այլ մի քիչ փչացած, քաղցկեղածին ուտելիք, որով դուք փորձում էիք պատժել ու նվաստացնել մեր ազգին, բայց մեզ ոչ ոք չի պատժի ու չի նվաստացնի: Մենք այստեղ ենք պայքարելու համար, իսկ դեղորայքային արդյունաբերությունը Վենեսուելայի ժողովրդի համար դեղամիջոցներ կապահովի»,- հայտարարել է երկրի նախագահը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն շարունակաբար պատժամիջոցներ է սահմանել Կարակասի նկատմամբ՝ փորձելով այդ կերպ տապալել Մադուրոյի կառավարությունը՝ հօգուտ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին իրեն նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի:

Ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն իշխանությունը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուաիդոյին փոխանցելու և ժողովրդավար կերպով երկրում ժամանակավոր կառավարություն ձևավորելու դեպքում:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/21/maduro/2953531?fbclid=IwAR0fo22RTccAwxjIVqmzls4RyCi9r5MT-4T-AHSQfYVvglP8v3CJBwzZ14g