Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կրկին հրդեհել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հիմնած Roshen ընկերության խանութներից մեկը, հաղորդում է ուկրաինական УНН գործակալությունը:
Ականատեսների համաձայն՝ անհայտ անձինք խանութի ցուցափեղկի ուղղությամբ հատուկ նյութով շիշ են նետել, որից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Այն հաջողվել է մարել մինչ հրշեջների ժամանելը: Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նշենք, որ սա վերջին օրերին Roshen-ի խանութների հրդեհման առաջին դեպքը չէ: Մարտի 18-ին անհայտ անձը նման հարձակում էր գործել Roshen-ի՝ Կիևի կենտրոնական Խրեշչատիկ փողոցի վրա գտնվող խանութի վրա: Ավելի ուշ պարզվել է, որ չարագործը մայրաքաղաքի 53-ամյա բնակիչ է, որը կարճ ժամանակ անց ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, դրա նախորդ օրը անհայտ անձինք հարձակվել էին Կիևի Օբոլոնյան պողոտայի վրա գտնվող խանութի շենքի վրա ու այրել այն։ Հրդեհի հետևանքով վնասվել է շենքի ճակատային հատվածի մի մասը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև գործող նախագահ Պորոշենկոն։
Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/21/kyiv/2953369