Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու

Նուրսուլթան Նազարբաևը, որը քիչ առաջ վայր է դրել Ղազախստանի նախագահի լիազորությունները, կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը:

«Դուք այս բոլոր տարիներին վստահել եք ինձ: Ինձ համար երջանկություն էր ծառայել ժողովրդին: Ես գլուխ եմ խոնարհում և շնորհակալություն եմ հայտնում: Ժողովրդի կամքը կատարելու համար ես աշխատել եմ առանց հանգստանալու: Ես կշարունակեմ աշխատել որպես Անվտանգության խորհրդի և «Նուր Օթան» կուսակցության նախագահ», – INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ:

«Այս տարի լրացել է 30 տարին, ինչ ես բարձրագույն պաշտոն եմ զբաղեցնում: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինելու անկախ Ղազախստանի առաջին նախագահը», – ասել է նա:

Նազարբաևը, որն այս տարի դառնում է 79 տարեկան, Ղազախստանի առաջին և միակ նախագահն է: 2007 թվականին խորհրդարանը Նազարբաևին՝ որպես երկրի առաջին նախագահի, իրավունք է տվել նախագահական ընտրություններում առաջադրվել անսահմանափակ անգամներ: