Իրանում հաստատել են Թուրքիայի հետ քուրդ զինյալների դեմ համատեղ գործողության նախապատրաստումը

Իրանը հաստատել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ Թուրքիայի հետ համատեղ գործողություն իրականացնելու մտադրության մասին լուրերը, այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեյին Զուլֆիքարին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությունը։ Սոյլուն, մասնավորապես, հայտնել էր, որ շուտով թուրք-իրանական սահմանին քուրդ զինյալների դեմ համատեղ գործողություն կանցկացվի, և կողմերն արդեն ունեն հստակ պայմանավորվածություններ։

Գործողության ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չեն փոխանցվում, Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ փոխնախարարը միայն շեշտել է, որ ՔԱԿ-ը վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև բոլորի համար։

Զուլֆիքարին հավելել է, որ այլ լուրջ խնդիրներ թուրք-իրանական սահմանին այժմ չկան։

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/18/pkk/2950610