«Ես նրան կհիշեցնեմ հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին». Իսրայելի վարչապետի որդին դիմել է Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգումԹուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:

«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղասպանության մասին:

«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բռնապետ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադրիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:

Հիշեցնենք, որ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան: