ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը պատրաստվում է 21 երկրում փակել իր գրասենյակները

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը պատրաստվում է 21 երկրում փակել իր գրասենյակները: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է  The Washington Post-ը` հղում անելով երկրի ներգաղթի և քաղաքացիության ծառայության տնօրեն Ֆրենսիս Սիսնիին:

Աղբյուրի հաղորդմամբ` Սիսնին նշել է, որ ընտանեկան վիզաների տրամադրման, որդեգրման, ԱՄՆ քաղաքացիության դիմումների ընդունման և մշակման գործառույթները վերաբաշխվելու են համապատասխան պետություններում Միացյալ Նահանգների դեսպանատների և հյուպատոսությունների միջև:

Նա պարզաբանել է, որ ծառայությունը, Պետդեպարտամենտի համաձայնությամբ, հաջորդ մի քանի ամիսներին փակելու է իր գրասենյակները, որպեսզի «խնայի արտաքին գերատեսչության ռեսուրսները»:

Այս տարվա փետրվարի սկզբին ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել էր, որ մարտի 29-ին փակելու է Մոսկվայի գրասենյակը: Ըստ այդմ` ապրիլից Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից ստացված ներգաղթի հետ կապված հարցերով կզբաղվի Աթենքի գրասենյակը:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության աշխատակիցների թիվը մոտ 240 է: Նրանք աշխատում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում: