ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, հավանաբար կլինի գույքային պահանջ. Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, բայց եթե նման հայց էլ ներկայացվի, դա այնպիսի գործ կլինի, որը կտևի շատ երկար, գուցե տասնամյակներ. այսօր հրավիրված ասուլիսին նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

Իրավաբանը ենթադրում է, որ նման հայցի ներկայացման դեպքում նաև ՀՀ-ի կողմից կներկայացվի փոխադարձ հայց, որն ընդունելի կլինի եվրոպական կառույցների կողմից, և որ Ադրբեջանի հայցը գույքային պահանջ է, որը հազարավոր քաղաքացիների անունից է ներկայացվել:

«Այսօր հարցը շատ աղոտ է, չկա տեղեկություն՝ ինչ հիմքով է ներկայացվելու»,-ասաց նա:

Արա Ղազարյանը նշեց, որ բոլորն են հասկանում, որ դրա կատարումը տասնամյակներ կտևի,  գուցե այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում Արցախի անկախության հարցը լուծվի:

Արա Ղազարյանը նշեց, որ միջպետական գանգատ քիչ է ներկայացվել ՄԻԵԴ, ընդհանուր 4-5 գանգատ է,  և վերջին շրջանում ՌԴ-Ուկրաինա հակամարտության հարցերով է նաև ներկայացվել: Նա ասաց, որ միայն մեկ վճիռ կա, Հյուսիսային Կիպրոսի միջպետական գանգատն է՝ տասնյակ միլիոնների պահանջով:

Ղազարյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմին 350-ից ավելի անհատական գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, որոնք վերաբերում են Արցախի տեղահանված բնակիչներին Թալինից, նաև հայցեր կան կյանքին սպառնացող վտանգներին վերաբերող ու մեծաթիվ գույքային վնասները:

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան, խոսելով ՄԻԵԴ-ի հայցից, նշեց, որ ադրբեջանական քարոզչությունը տարեցտարի վնասների թվեր է մոգոնում, ինչքան վնաս է կրել Արցախյան պատերազմին, և անհասկանալի է, ինչ հաշվարկ է արված: «Նույնն Աղդամի դեպքերով, որ իրենք անվանում են Խոջալու, տարիներ ի վեր լսում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է գնալ դատարան ՀՀ-ի դեմ, երբ հայկական կողմը սկսում է տրամաբանված հարցադրումներ անել և զոհերի վերաբերյալ, և խոշտանգումների, ադրբեջանական կողմը վեճը տանում է էմոցիոնալ դաշտ, որովհետև փաստարկված հիմք չունի, եթե ունենային, վաղուց այդ հայցով կգնային միջազգային դատարան»,-ասաց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/07/Ara-ghazaryan/2941839