Գլենդեյլում հայազգի նախկին հետախույզը կարող է դատապարտվել 3 տարվա ազատազրկման

Գլենդեյլի դաշնային դատախազությունը պահանջում է երեք տարվա ազատազրկման դատապարտել հայազգի նախկին հետախույզ Ջոն Բալյանին, որը մեղադրվում է կաշառքի դիմաց հանցավոր խմբավորումների անդամներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար:

Ինչպես հաղորդում է Los Angeles Daily News-ը, 46-ամյա Բալյանը նախորդ տարվա հուլիսին ընդունել է իր մեղքն ու հաստատել, որ կաշառք է վերցրել, ինչպես նաև կեղծ տեղեկություն է տրամադրել քննիչներին մեքսիկական մաֆիայի և հայկական կազմակերպված հանցավոր խմբերի հետ իր կապերի վերաբերյալ:

Դատարանի վերջնական որոշումը կհայտարարվի մարտի 8-ին: Հայտնի է, որ 36 ամսվա ազատազրկումից բացի դատախազությունը պահանջում է նաև 95 հազար դոլարի չափով տուգանք սահմանել: Բալյանի փաստաբան Քրեյգ Միսակյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել:

Նշենք, որ Ջոն Բալյանը Գլենդեյլի ոստիկանության նախկին ներկայացուցիչն է, որն աշխատանքից ազատվել է իր մեղքն ընդունելուց հետո:

Աղբյուրը՝ tert.am