Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: «Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ», – ասել է Մամեդյարովը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ: «Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, թե մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»:
Նյութի աղբյուրը`meganews.am