Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում դեկտեմբերի տասին իրականացված մասշտաբային հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում եւ Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբի 22 անդամ:

Խումբը կազմված է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներից: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բորցվաձեն, գրում է aliq.ge-ն:

Ըստ նրա տեղեկությունների՝  «VORS 69-01» անվանմամբ հատուկ գործողությանը մասնակցել են նաեւ վրաց իրավապահները: Ձերբակալվածների թվում Վրաստանի 10 քաղաքացի է, որոնցից երկուսը՝ «օրենքով գող»:

Ձերբակալված անձինք մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային կողոպուտների, մեքենաների առեւանգման, փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ֆրանսիայում նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 300 իրավապահ՝ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Վրաստանից, ներգրավված են եղել հատուկ նշանակության ջոկատներ, կինոլոգիական ծառայությունը, ուղղաթիռ:

Աղբյուրը՝ armtimes.com