Apple կորպորացիան գերազանցել է փորձագետների սպասումները՝ չորրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի վերջին, հասույթ արձանագրելով 62,9 մլրդ դոլարի չափով: Այդ մասին վկայում է ընկերության՝ նոյեմբերի 1-ին հրապարակված եռամսյակային հաշվետվությունը:
Այդ ցուցանիշը մոտավորապես 20 տոկոսով բարձր է, քան 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանում, եւ անցած եռամսյակի համար ռեկորդային է Apple-ի գոյության ողջ ժամանակաշրջանում: Չորրորդ եռամսյակում ռեկորդ է սահմանել նաեւ շահույթը, այն կազմել է մոտավորապես 14,1 մլրդ դոլար (1 բաժնետոմսի հաշվով՝ մոտավորապես 2,91 դոլար), ինչը 32 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Այս ցուցանիշները գերազանցել են Reuters գործակալության վերլուծաբանների սպասումները, որոնք հասույթը կանխատեսել էին 61,5 մլրդ դոլարի չափով, իսկ շահույթը՝ մեկ բաժնետոմսի հաշվով մոտավորապես 2,79 դոլարի չափով: Սկսված առաջին ֆինանսական եռամսյակում, որը համընկնում Է ավանդաբար Apple-ի համար շահութաբեր ամանորյա տոների հետ, ընկերությունը կանխատեսում է հասույթ ստանալ 89-93 մլրդ դոլարի չափով, նշվում է հաշվետվության մեջ: Ընդսմին նշված ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է վաճառել մոտավորապես 46,9 մլն iPhone, ինչը պակաս է եղել մասնագետների սպասումներից:
Այսպես, FactSet ընկերության փորձագետները կանխատեսում էին, որ այդ ցուցանիշը կկազմի առնվազն 47,5 մլն սարք: Սակայն մեկ iPhone-ի վաճառքի միջին արժեքի ցուցանիշը կազմել է 793 դոլար՝ գերազանցելով FactSet-ի վերլուծաբանների սպասումները (750,8 դոլար): Դա բացատրվում է, մասնավորապես, սմարթֆոնների նոր, ավելի թանկարժեք մոդելների թողարկմամբ: Հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 4,3 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչեւ 212,46 դոլար:
CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ ներդրողները դժգոհ են մնացել iPhone-ի վաճառքների ցուցանիշների չարդարացված սպասումներից, ինչպես նաեւ չեն գոհացել առաջին ֆինանսական եռամսյակի համար ընկերության տնտեսական կանխատեսումներից: 1976 թվականին հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից, արտադրում Է iPad համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեյերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 տրլն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: