Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը կարգադրել է քաղաքապետարանի աշխատակազմին բանակցություններ սկսել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար տարածքի վարձակալության վերջնական պայմանագրի շուրջ:
Ինչպես նշում է Asbarez-ը, հողատարածքը վարձակալության է տրվելու 95 տարով՝ տարեկան մեկ դոլար գնով:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախաշեմին թանգարանի կառուցման աջակիցներն ու հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Գլենդեյլի քաղաքապետարանում՝ Քաղաքային խորհրդի պատմական քվեարկությանն ականատես լինելու համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ թանգարանը, որը ծառայելու է որպես կրթական ու մշակութային կենտրոն, կզբաղեցնի 5.500 քմ մակերեսով տարածք ու կգտնվի Կենտրոնական այգում:
Թանգարանում կանցկացվեն ցուցահանդեսներ, կտեղակայվի կատարողական արվեստի թատրոն, կլինի ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։
Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:
Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն դոլար և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:
Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ:
Հայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդությամբ թանգարանի կառուցման համար հավաքվել էր 3 մլն դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեկ միլիոն դոլար էր հատկացրել նախագծի իրականացմանը:
Աղբյուրը՝ tert.am